Սևանա Լիճ

Գլաձոր Համալիր

Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները

Սևանը մեծ արժեք է ներկայացնում զբոսաշրջիկության տեսակետից: Նրա ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ:
Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն: